Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Ամոթ է վերջապես

Ամոթ է վերջապես
16.09.2012 | 13:01

Արցախը հազարամյակների անցած ճանապարհին ինքնահաստատման այնպիսի դասեր է ժառանգություն թողել մեզ, որ մենք պարտավոր ենք հետևել միայն այդ դասերին

Սեպտեմբերի 4-ի ուշ երեկոյան մեր բարձրակարգ ու փառապանծ պատմաբանների մի քառյակ յոթերորդ երկնքից վայրէջք կատարեց հանրային հեռուստատեսության էկրանին` արժևորելու Աղվանից աշխարհի թագավոր Վաչագան Բարեպաշտի եզակի դերակատարումը մեր ժողովրդի պատմության մեջ: Որ Վաչագան Բարեպաշտի պետականաստեղծ գործունեությունը խոր ու համակողմանի վերագնահատման կարիք ունի, քան այդ թռուցիկ քամիքշոցներն էին, կասկածից դուրս է: Նրա ստեղծած օրենքներն այսօր էլ ժամանակակից հնչողություն ունեն` հակադրված ժամանակակից ժողովրդավարության ու մարդու իրավունքերի այն կեղծ կարգախոսներին, որոնցով ժողովուրդների համար արյան բաղնիքներ են ստեղծում, որպեսզի իրականացնեն իրենց համաշխարհային տիրապետությունը:
Աղվանից աշխարհի թագավոր Վաչագան Երրորդին ժամանակին ամենալիարժեք ու սպառիչ գնահատականը տվել է հենց ինքը` երախտագետ ժողովուրդը, նրան որակելով Բարեպաշտ: Ի դեպ, հինգհազարամյա պետություն ունեցող մեր ժողովուրդն իր թագակիրներից միայն երկուսին է արժանացրել այդ պատվին` գնահատելով` նրանց քաղաքականությունը ժողովրդական լայն զանգվածների նկատմամբ: Առաջինը այդ պատվին արժանացավ Արտաշես Առաջինը մ.թ.ա. 2-րդ դարում:
Զանազան հաջողված արշավանքների արդյունքում զինվորական վերնախավը գերեվարվածներին ստրկացնում էր ու բնակեցնում շինականների կողմից չօգտագործվող հողատարածքներում: Արտաշես Առաջինի ժամանակ զինվորական վերնախավը սկսեց ոտնձգություններ կատարել նաև շինականների հողատարածքների նկատմամբ: Արտաշես Առաջինն այդ չարիքի դեմն առավ` ասորագիր սահմանաքարերով շինականների համայնական հողատարածքներն առանձնացնելով զինվորական վերնախավի ստեղծած ավանային հողերից: Արտաշեսի այդ մեծագործությունն էր, որ նրան դարձրեց բարեգործ:
Վաչագան Երրորդը ժառանգություն ստացավ մի Աղվանից աշխարհ, որը քարուքանդ էր արված թե՛ կրոնական, թե՛ սոցիալական, թե՛ բարոյական առումներով: Նրան հաջողվեց կարգ ու կանոն սահմանել այդ ավերված երկրում, կանոնակարգել հասարակության յուրաքանչյուր խավի տեղն ու դիրքը պետության մեջ, թագավորական գերդաստանից սկսած հարկատու դարձրեց հասարակության ունևոր խավերին, միաժամանակ սահմանեց, որ «Վար ու ցանք և այգի չունեցողներից չպետք է առնեն» հարկ (Կաղանկատվացի, 1969 թ., էջ 66): Ահա այդ վար ու ցանք, այգի չունեցող մեծամասնության շահերի պաշտպանությամբ Վաչագանը վաստակեց Բարեպաշտ պատվականը:
Քանի որ սեպտեմբերի 4-ի ներկայացման ամբողջական գնահատականը չենք կարող տալ առանց այդ ելույթների ձեռագրերն ունենալու, կբավարարվենք միայն հիսունութամյա զուգահեռ ճանապարհ անցած մեր ընկերոջ` Հրանտ Աբրահամյանի հնչեցրած մի հայտնության բացած արահետով քայլելով: Աբրահամյանը խրոխտ ձայնով, իրեն հատուկ ածականներ շռայլելով, Վաչագան Բարեպաշտին հռչակում է ղարաբաղցի: Ճոռոմ ու փքուն մի նախադասություն, որը կատարելապես աղավաղում է հայոց Աղվանից աշխարհի այդ դարաշրջանի իրականության ճշմարիտ պատմությունը: Անմիջապես ասենք, որ այդ սխալը առաջինը կատարել է Բագրատ ՈՒլուբաբյանը` ունեցած ինֆորմացիայի պակասի՞, թե՞ հատուկ նպատակով` Բաքվի դեմ մաքառող Ղարաբաղի շահերից ելնելով, չգիտենք: Բայց ինչպես շատ ու շատ դեպքերում, այստեղ ևս Աբրահամյանը նկարահանում է ուրիշների գրածները, առանց ուղեղի մասնակցության: Քայլենք Աբրահամյանի բացած արահետով և սկսենք հիմքերի հիմքից:
Դեռևս մ.թ.ա. 6-րդ դարում Աքեմենյան աշխարհակալության երրորդ տիրակալ Դարեհ Կոդոմանոսը իր հսկայածավալ կայսրությունը, որը ձգվում էր Կովկասյան լեռներից մինչև Եգիպտոս, Միջին Ասիայից Բալկանների փեշերը, բաժանեց 20 սատրապությունների` կատարելով այնպիսի վարչատարածքային վերաձևումներ, որ ոչ մի կուսակալություն էթնիկական միատարրություն չունենա: Դրանով սատրապետությունների մեջ ընդգրկված էթնիկ տարրերի ներքին հակամարտությունների օգտագործմամբ կենտրոնական կառավարությունը ապահովում էր իր միահեծան տիրապետությունը բոլորի նկատմամբ: Այդ վերաբաժանումների արդյունքում հայ ժողովրդի առանձին հատվածներ հայտնվեցին երեք տարբեր սատրապություններում, որը ճակատագիր դարձավ մեր պատմության հետագա ողջ ընթացքի համար:
Հետագայում արդեն այդ բաժանման հիմքի վրա շրջանառության մեջ մտան Մեծ Հայք, Փոքր Հայք, Աղվանից աշխարհ անուններով պետական կազմավորումները, որոնք երբևէ չկարողացան միավորվել մի միասնական պետական կառույցում: Նույնիսկ Տիգրան Մեծի ժամանակ Փոքր հայքը գտնվում էր Միհրդատ Պոնտացու տիրապետության տակ:
Ինչ մնում է Աղվանից աշխարհին, նրան հատուկ դերակատարում էր պարտադրված պարսկական տիրակալների կողմից, և հատուկ հետևողականությամբ էին հետևում այնտեղի անցուդարձերին: Աղվանից աշխարհի բնակչությունը պետք է Կովկասյան անցուղիները պաշտպաներ հյուսիսային ցեղերի ներխուժումներից: Դա մի Աղվանից աշխարհ էր, որի հարավային սահմանը Կուր գետն էր, հյուսիսայինը` Կովկասյան լեռները, Արևմտյան սահմանը Ալազան գետն էր, Արևելյանը` Կասպից ծովը:
Ինչպես նշվեց, Աքեմենյան աշխարհակալության կործանումից հետո ստեղծված թագավորությունների շարքում ձևավորվեց նաև Աղվանից թագավորությունը, որը գոյատևեց մինչև 428 թվականը, երբ պարսից Վռամ 5-րդ թագավորը վերացրեց Մեծ Հայքի, Վիրքի և Աղվանից թագավորությունները` այդ երկրները դարձնելով մարզպանական: Պատահական չէ, որ միաժամանակ Մեծ Հայքի Արցախ և ՈՒտիք նահանգներն էլ թագավորը միացրեց Աղվանից մարզպանությանը` Կովկասյան դռների պաշտպանությունը ուժեղացնելու նկատառումով:
Իսկ երբ այդ ամենին հաջորդեց Հազկերտի պարտադրանքը կրոնափոխ լինելու վերաբերյալ, Մեծ Հայքի հայությունը զենքը ձեռքին հասավ Ավարայր, մինչդեռ Աղվանից աշխարհի հայությունը չկարողացավ համարժեք պատասխան տալ Հազկերտին: Ինչո՞ւ: Դարձյալ պայմանավորված է Աղվանից աշխարհի նկատմամբ արքունիքի հատուկ քաղաքականությամբ: Նրանք ոչ միայն ամեն ինչի դիմում էին հայության այդ երկու հատվածն իրարից հեռու պահելու համար, հաճախ թշնամանք ու կռիվ բորբոքում երկու կողմերի միջև, այլև աշխատում էին Աղվանքի տիրակալներին «իրենցը դարձնել»: Ճակատագրական այդ օրերին Աղվանքի թագավոր Վաչե Երկրորդի մայրն ու կինը պարսից արքայական տան անդամներ էին: Հազկերտը բռնի կրոնափոխություն էր պարտադրել ոչ միայն Վաչեին, այլև ուրիշ նախարարների, որոնց թվում նաև երիտասարդ Վաչագանին: Իսկ շատ նախարարներ ու շինականներ էլ կրոնափոխությունից խույս տալու համար բարձրացել էին Կովկասյան լեռների ամուր տեղերը: Հիշենք նաև, թե Վարդան Մամիկոնյանը Ավարայրից առաջ Խաղխաղի դաշտում ինչպես ջարդեց Աղվանից աշխարհը կրոնափոխող Սեբուխտի զորքին ու հաղթականորեն հասավ Կովկասի դռներին, ինչպես Կապկոհ լեռների ամուր տեղերից իջան Աղվանից աշխարհի իշխաններն ու շինականներն ու միացան Վարդանի զորքն, ինչպես Աղվանից աշխարհի թագավորական տան անդամ Վահանին Վարդանը դեսպան ուղարկեց կովկասյան ցեղերի մոտ` նրանց հետ դաշինք կնքելու պարսիկների դեմ: Պարզ է, որ այդ փոթորկալից օրերին Հազկերտը չէր թողնի, որ իր փեսա Վաչեն ոտք դնի հայրենի հողի վրա:
Բայց ահա Հազկերտի մահից հետո Վաչե Երկրորդը հայրենի Աղվանքում է. մի Աղվանք, որը ոչ վաղ անցյալում զորացել էր նաև Արցախով և ՈՒտիքով: Հազկերտի մահից հետո Պարսկաստանում ստեղծված քաղաքական նոր իրականության ընձեռած հնարավորությունների օգտագործմամբ` Վաչեն ամենից առաջ ձեռնամուխ է լինում իր Նոր Աղվանքի միավորման, ամրապնդման գործին: Նախկին Աղվանքի մայրաքաղաք Կապաղակն արդեն ծայրամաս էր` ենթակա կովկասյան ցեղերի ներխուժումներին: Պարսից տիրակալին սիրաշահելով` նրա անունով նոր մայրաքաղաք է ստեղծում իր Նոր Աղվանքի կենտրոնական մասում` ՈՒտիքի ՈՒտի-Առանձակ գավառում հիմնարկում է Պերոզապատ-Պարտավը: Նոր Աղվանքի տիրակալը պահը հասունացած է համարում հաջորդ վճռական քայլը կատարելու համար: Նա հրաժարվում է բռնությամբ պարտադրված մոգական կրոնից, վերադառնում քրիստոնեական հավատքին և ապստամբում պարսկական տիրապետության դեմ: «Աղվանից թագավորը չէր ուզում նորից ծառայության տակ մտնել,-վկայում է Եղիշեն,-այլ նա քանդեց Ճորա պահակը և Մասքութների զորքն այս կողմը անցկացրեց, միաբանեց 11 լեռնական թագավորներին և պատերազմով ընդդեմ կացավ Արյաց զորքին և մեծ վնաս պատճառեց արքունիքի զորքերին» (Եղիշե, 1971 թ., էջ. 179):
Պերոզն էլ, կաշառելով հոներին և թավասպարներին, նրանց բազմաքանակ զորքերը ևս մասնակից դարձրեց պատերազմին, ավերեցին «աշխարհի մեծ կեսը», բայց Վաչեին ծնկի բերել չկարողացան: Ի վերջո, Պերոզն է նահանջողը: «Պարսից թագավորը դարձյալ մարդ ուղարկեց նրա մոտ. «Իմ քրոջը, ասաց, և քեռորդուս ուղարկիր ինձ մոտ, որովհետև ի բնե մոգական կրոնին հետևող էին, և դու քրիստոնյա դարձրիր, իսկ աշխարհը թող քեզ մնա» (ն.տ., էջ 180):
Աղվանից Վաչե թագավորը մորն ու կնոջը վերադարձնում է Պարսկաստան, հրաժարվում է աշխարհիկ կյանքից և մնացած կյանքն Ավետարանը ձեռքին անցկացնում մենակյացների հետ: Ահա փոթորկալից կյանքի բովով անցած Աղվանից այս թագավորի հարազատ եղբորորդին է Վաչագան Բարեպաշտը, որին արհեստականորեն դարձնում են ղարաբաղցի` ուրանալով միասնական Աղվանից աշխարհի գոյությունը, աղավաղելով պատմական ստույգ իրողությունները:
Գերակտիվ այդ տնաշենները գոնե մեկ-մեկ էլ սկզբնաղբյուրներին նայեին, միգուցե աչքներն ընկներ մատչելի և կողմնորոշող մի վկայություն: Ասենք, Մովսես Կաղանկատվացին արձանագրել է. «Այնուհետև հրաման է տալիս (Վաչագանը) իր իշխանության ենթակա Արցախ անառիկ աշխարհին` թողնել և լքել դիցապաշտության օրենքները… Եվ Կամբեջում, Աղվանքում միևնույն հրամանն է տալիս ու հայտարարում» (Կաղանկատվացի, 1969 թ., էջ 35):
Միգուցե գլխի՞ ընկնեին, թե ինչո՛ւ է պատմիչը Արցախի պարագայում հատուկ նշում նրա` թագավորական իշխանության ենթակա լինելը, իսկ մյուսների պարագայում նման անհրաժեշտություն չի զգում: Արցախը բուն Աղվանքին միացնելու իրողությունն այնքան թարմ է, որ պատմիչը դեռևս այն որակում է Աղվանից թագավորության ենթակա երկրամաս:
Եթե մեր փառապանծ պատմաբաններն իրենց փորձության ենթարկեին և լրջորեն հետևեին Կաղանկատվացու վկայություններին, կտեսնեին, որ Վաչագան Բարեպաշտի ամեն մի ձեռնարկման ժամանակ հավասարապես մասնակից են ողջ Աղվանքի` Արցախի, ՈՒտիքի, Աղվանքի ու Կամբեջանի հոգևոր ու աշխարհիկ դերակատարությունները, այսինքն միացյալ երկրատարածք դարձած Աղվանքի դերակատարները: Բավարարվենք Աղվեն ամառանոցում գումարված «բազմամարդ ժողովի» կազմի ցուցադրումով:
«Էս Վաչագան` Աղվանից արքա, Շուփհաղիշոն` Պարտավի արքեպիսկոպոսը, Մանասեն` Կապաղակի եպիսկոպոսը, Հունանը` Հաշուի եպիսկոպոսը, Անանիան ու Սահակը, և ՈՒտիքի Փոդ եպիսկոպոսները, Հովսեփը` Կաղանկատուքի քահանան, Մատթեն` Պարտավի քահանան, Թոման` թագավորի պալատական քահանան, Պողոսը` Գայեգուջի քահանան, Շմավոնը` Ցրիի քորեպիսկոպոսը, Մատթեն` Դարահոջի քահանան, Աբիկազը` Բեթի քահանան, ՈՒրբաթայրը` Մանուչեի քահանան, ազնվական մարդիկ և Արցախի նահապետները, Կաղանկատուքի Բակուր նահապետը և այլ բազմաթիվ մարդիկ» (Կաղանկատվացի, 1969 թ., էջ 67)։
Այս ցանկում արձանագրված Կապաղակը, Հաշուն, Բեթը և Ցրին Անդրկուրյան գավառներն են, Պարտավը, ՈՒտիքը, Կաղանկատուքը, Դարահոջը ներկայացնում են ՈՒտիքը, Արցախը հիշատակվում է միայն նահապետներով, նույնիսկ բացակայում է մի այնպիսի կրոնական կենտրոնի ներկայացուցիչ, ինչպիսին Ամարասի եպիսկոպոսությունն է: Ինչ մնում է Աղվանքի ժողովի որոշումները կնքած 15 նահապետներին, նրանք արձանագրված են սոսկ անուններով, բացի մեկից` «Գարդմանա տեր քաջ Վարդանը», և հնարավոր չէ իմանալ, թե ինչ գավառներ են ներկայացնում նրանք:
Ինչպես վկայում ու պարտադրում են փաստերը, Վաչագան Բարեպաշտը թագավոր էր մի Աղվանից աշխարհի, որի հարավային սահմանը Արաքս գետն էր, հյուսիսայինը` Կովկասյան լեռների փեշին հիմնադրված Կապանը, որը պարսիկների թարգմանությամբ դարձավ Դարբանդ, իսկ հետագայում թուրքերի աղավաղմամբ` Դերբենդ: Չիմանալ այս ամենը մեր առաջնակարգ պատմաբաններին պատիվ չի բերում, կամ ուրանալ մեր պատմության անկողոպտելի մաս կազմող այս իրողությունները, համարժեք է ազգադավության:
Ինչպես նկատեց ընթերցողը, մենք ընդամենը մի արտահայտության, մի վերագրումի հետքերով գնացինք, մինչդեռ այդ ներկայացման ժամանակ շատ անմտություններ են ցրվել աջ ու ձախ, որոնց հնարավոր է պատասխանել նրանց ելույթների տեքստերն ունենալու պարագայում։ Բայց մենք չենք կարող շրջանցել հոգեբանական մի երևույթ, որն այսօր տիրապետող դառնալու միտում ունի։
Ղազարոս Աղայանը դեռևս 19-րդ դարի վերջերին զգուշացնում էր հայ մտավորականների մտավոր համաճարակի սպառնալիքից։ Այսօր մտավոր այդ համաճարակը ավերածություններ է կատարում, աղավաղում պատմական ստույգ իրականությունը, արժեզրկում պատմության իրական ընթացքը։
Դեռևս 2005-ին հրապարակ հանվեց հաստափոր մի գիրք` «Արցախի դպրոցը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» վերտառությամբ, որտեղ` այդ գրքում, դեռևս մեր թվագրությունից առաջ Ամարասում դպրոց են կանգնեցնում և ուսուցանում մի շարք գիտելիքներ, որտեղ` այդ դպրոցում, «ստեղծված էին թանկարժեք ձեռագրեր, որոնցից շատերը հասել են մեզ»։ Ընդ որում, սկզբում հայերեն մեհենագրերով էր տարվում ուսուցումը, և չնայած մեհենական գիրը միայն քրմերին էր հայտնի, թագավորները մերօրյա ալիևների հանգի կաշառեցին քրմերին և իրենց պալատներում ևս դպրոցներ հիմնեցին։ Այնուհետև Ամարասում ուսուցումն իրականացնում էին ասորերեն, հունարեն գրերով, մինչև հերթը հասավ մեսրոպատառ գրերին։ Մենք չկարողացանք հանդես չգալ այդ զառանցանքների դեմ, բայց ինչի՞ հասանք։ Մեր ջգրու այդ խայտառակությունն արժանացրին պետական մրցանակի։ Այնպես որ, մտավոր համաճարակը շատերին է ենթարկել իր գերությանը։
Այսօր Արցախ-Ղարաբաղը հայտնվել է համաշխարհային վայրիվերումների կիզակետերից մեկում, դիմակայում է բազում ու բազմաբնույթ մարտահրավերների ու սպառնալիքների։ Հոգեբանորեն հասկանալի է յուրաքանչյուրի ցավն ու մտահոգությունն այդ առնչությամբ։ Բայց այդ մտահոգությունն իրավունք չի տալիս որևէ մեկին` Արցախին վերագրել «բարեմասնություններ», որոնց կարիքը նա չի զգացել և չի զգում։ Արցախը հազարամյակների անցած ճանապարհին ինքնահաստատման այնպիսի դասեր է ժառանգություն թողել մեզ, որ մենք պարտավոր ենք հետևել միայն այդ դասերին և ոչ թե պոռոտախոսություններով ներկայացումներ կազմակերպել` արժեզրկելով ամեն ինչ։
Ամոթ է վերջապես։


Արտաշես ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2215

Մեկնաբանություններ